38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ինչպես որ ամեն գիշեր առավոտի արևով է վերջ ունենում, այդպես էլ ամեն մեղք ազնիվ քավությամբ և ամեն ոճիր արդար հատուցմամբ են վերջ ունենում»

«Ինչպես որ ամեն գիշեր առավոտի արևով է վերջ ունենում, այդպես էլ ամեն մեղք ազնիվ քավությամբ և ամեն ոճիր արդար հատուցմամբ են վերջ ունենում»
19.02.2013 | 12:07

Մեր գրականության բոլոր մեծերի նման, Հովհաննես Մելքոնյանը ևս ծնունդ առավ ու սկսվեց իր ծննդավայր-բնօրրանից:

Իր պապերի օրրանը Արևմտահայաստանն էր, որտեղից ցեղասպանության յաթաղանը նրանց կտրել ու նետել էր անհուսության և անորոշության հեռուները: Նրա մեծ պապը` Մելքոն Մշեցյանը, գաղթականի ցուպը ձեռքն առավ 1917 թվականին և հայոց չքնաղ հովիտը` Մշո դաշտը, թողեց թուրք թշնամուն:
Ոչ միայն Մշո դաշտն ու Մեղրագետը:
Մշեցյան գերդաստանը եղեռնից մազապուրծ մյուս արևմտահայերի նման կորստի մատնված իրենց ողջ պատմությունն էր թողնում սահմանի մյուս կողմում, մինչև օրը հատուցման ու վերադարձի:
Մշո դաշտից մինչև Շիրակի դաշտավայր ձգվեց Մշեցյան տոհմի գաղթի ուղին:
Եղեռնի ու գաղթի արհավիրքների ծանրության ներքո աշխարհ եկավ նա` Հովհաննես Մելքոնյանը։
Անսպասելի՞ էր, արդյոք, նրա ծնունդը` որպես գրողի։
Ոչ, իհարկե ոչ:
Հովհաննես Մելքոնյան գրողի ծնունդը պայմանավորված էր հայոց պատմության անցյալ ու ներկա ընթացքի ներքին կանոններով և օրինաչափությամբ:
Նրա ծնունդն օրինաչափություն էր, քանզի չէր կարող չծնվել որպես հայ գրող, որպես սերունդների հիշողության դաշտի կրող, ժառանգող ու փոխանցող: Հովհաննես Մելքոնյանը մտավ գրականություն, որ նրա միջոցով յուրաքանչյուր հայի ուղեղի և արյան բջիջներում արմատակալի 1915 թվականը` հայի և հայոց պատմության ամենամեծ ցավը: ՈՒրիշ ոչ ոք, ուրիշ որևէ հայ գրող այնպես չի խտացնում, ամփոփում եղեռնի բերած ցավն ու ազդեցությունը հայ մարդու, հայ հավաքականության հոգևոր աշխարհում, որքան Հովհաննես Մելքոնյանը:
Եվ եթե, այնուամենայնիվ, համեմատելու լինենք, թերևս լոկ Մուշեղ Գալշոյանի հետ:
Երկուսի մեջ էլ հայոց մեծ ցավը` Մեծ եղեռնը, անսովոր` հրաբխային բռնկումներ ունեցավ և տարողունակ ակոսներ բացեց հայ հանրային-հասարակական մտածողության ծալքերում:
Մեծ գրողներն ասում, խտացնում են մեծ ճշմարտություններ:
Գրողի մեծությունը նախ և առաջ ասելիքի պարզության և անկեղծության մեջ է:
Այս առումով ևս Հովհաննես Մելքոնյանն արդի հայ գրականության մեծագույն դեմքերից է:
Նա ասում էր ոչ թե կես ճշմարտությունը, որը, ցավոք, շատերին է ներհատուկ (ինչպես գրողներին, այնպես էլ այլ մասնագիտության և զբաղմունքի մարդկանց), այլ ամբողջ ճշմարտությունը և միայն ու միայն ճշմարտությունը, որքան էլ այն դառը լիներ կամ հաճո չլիներ տվյալ պահի ու ժամանակի տերերին:
Ապրելով խորհրդային տերության մեջ և լինելով այդ տերության պաշտոնյա գրողներից կամ գրող-պաշտոնյաներից մեկը, Հովհաննես Մելքոնյանը, այնուամենայնիվ, չեղավ ու չդարձավ պաշտոնական տեսակետ, այսպես կոչված, «պաշտոնական ճշմարտություն» բարբառողներից ու գովերգողներից:
Նա չեղավ, չդարձավ և պարզապես չէր կարող լինել, դառնալ ժամանակի կեղծ ճշմարտության կեղծ քարոզիչներից մեկը, որոնք գովերգում, փառաբանում էին Խորհրդային Միության ժողովուրդների, այդ թվում` հայ և ադրբեջանական ժողովուրդների «անխախտ բարեկամությունը»: Պաշտոնական Մոսկվայից ուղարկված հենց այդ կարգի ու այդպես ուղղորդված հրահանգներով էր շարժվում նաև հայ պաշտոնյան կամ պաշտոնական Հայաստանը, որը լուռումունջ հնազանդվում, ձայն ու ծպտուն չէր հանում, երբ պատմության ու գրականության դասագրքերում Ադրբեջանը իբրև թե որպես հին կուլտուրայի կրող հավասարվում ու չափվում էր հինավուրց Նաիրյան մեր երկրի հետ, իսկ ՈՒրարտուն, ոչ ավելի, ոչ պակաս, հռչակվում էր հայերի, ադրբեջանցիների, վրացիների հավասար ժառանգությունը:
ՈՒ հենց այդ ժամանակներից ու բարիքներից լկտիացած ազերիները սկսեցին ավելի հեռու արշավել պատմակեղծարարության ու «պատմաշինարարության» ասպարեզում և յուրացնել նորանոր ֆիզիկա-աշխարհագրական և հոգևոր-մշակութային տարածքներ իրենց ներկայիս հարևաններից: Այդպես եղավ, որ ազերի տխրահռչակ ակադեմիկոս Բունիաթովը ռուսերեն երկհատոր ծավալուն և շքեղ հատորյակներ լույս ընծայեց Մոսկվայում և հայոց խաչքարը վերափոխեց ու վերաձևեց «խաչդաշի», այսինքն` ադրբեջանական մշակույթի տեսակի և կրողի։
Ո՞վ էր նրանց դեմ բացահայտ պայքարում Հայաստանում կամ ԽՍՀՄ-ում:
Ո՞վ էր բռնում պատմության բացահայտ կեղծարարների ձեռքը, մատնանշում նրանց հակահայկական ու հակագիտական տեսակետների վտանգավորությունը:
Թուրք-թշնամու դեմ արդար ու շիտակ, հողոտ ու հրեղոտ ու կրակոտ խոսք պիտի ասվեր, խոսք, որը պիտի բոլորի ունկերը լցվեր` հայ լիներ, թուրք, ռուս թե...
Այդ արդար, հրեղեն, կրակոտ խոսքը հնչեց Հովհաննես Մելքոնյանի շուրթերով, ինչից դեռևս խորհրդային դժվարին իրականության պայմաններում և հայ գրականության էջերում առանձնացավ որպես «Հիշողության դաշտ»։
Տարիներ ու տասնամյակներ շարունակ նրա հոգում ահագնացող և բորբոքվող թեման ծնունդ տվեց գրական մի թռիչքի, որը դարձավ եղերերգական պոեմ և 1987 թվականին դրվեց հայ ընթերցողի գրասեղանին:
Հիշողության դաշտի վրա տեղադրվեց վերջին հարյուրամյակների հայոց պատմությունը` որպես իրականություն և երազ, որպես նզովք և անեծք ճակատագրին, որպես հիշողության անմարելի լուսարձակ:
Հիշողության դաշտ դարձան հայոց արյունոտ բախտն ու ճակատագիրը:
Բացառիկ կարևոր մատյան է «Հիշողության դաշտ»-ը:
Նրանում և նրանով ասվեց ողջ ճշմարտությունը հայոց մեծ ողբերգության մասին:
Հովհաննես Մելքոնյանը, ի հեճուկս պատմության կեղծարարների, գրողական ողջ ուժով բարբառեց այն ճշմարտությունը, որ Հայոց ցեղասպանությանը մասնակից են բոլորը` ոչ միայն իշխանությունները, այլև թուրքական հասարակության բոլոր շերտերն ու խավերը, որոնց պատել էր հայերի ունեցվածքին ու հարստությանը տեր դառնալու մոլեգին ցանկությունը: Հայոց պատմությունը դարձավ հիշողության համակ դաշտ և զրնգաց բոլոր հոգիներում:
Հայոց և օտար հոգիներն ականջալուր եղան անլռելի զանգին:
Զանգը, որը խորհրդանշում է ցեղասպանված ժողովրդի հարության ու վերածնումի հրաշքը:
Ցեղասպանության նահատակները նաև նրա գրականության էջերում և գրականությամբ ոգի առան, վերակենդանացան և աշխարհի ու պատմության առջև վկայություն տվեցին: Վկայություն տվեցին անցած կատարվածի, իրականում տեղի ունեցած զարհուրելի ողբերգության մասին: Փաստեցին ու վկայեցին անուն առ անուն, դեպք առ դեպք, փաստ առ փաստ, մանրամասն առ մանրամասն: Այդ վկայություններից ծնվեց «Ոճիրի բուրգեր» կոթողային աշխատանքը, որը ցեղասպանության զոհերի հոգևոր հուշարձանն է` գրչով ու ոգով դաջված մեր սրտերում` ի տարբերություն Ծիծեռնակաբերդի բարձունքում կանգնեցված գրանիտե հուշարձանի:
«Ոճիրի բուրգեր»։
Թուրքիայի հավերժական խարանը և համայն մարդկության ամոթն ու խայտառակությունը:
Որքան էլ շատ ժամանակ անցնի 1915 թվականի ողբերգությունից, միևնույն է, «Ոճիրի բուրգեր»-ի էջերից մորթվող մանուկների ճիչեր են լսվելու, և կացնակիր ու յաթաղանակիր ոճրագործների գազանաբարո մռունչ-աղաղակն է մարդկության ականջը պատռելու, քանի դեռ երկնքից չի իջել արդար հատուցման Աստված:
Այո՛, այդպես է, «հենց այդպես, ինչպես որ ամեն գիշեր առավոտի արևով է վերջ ունենում, այդպես էլ ամեն մեղք ազնիվ քավությամբ և ամեն ոճիր արդար հատուցմամբ են վերջ ունենում» («Հիշողության դաշտ», Ե.,1987 թ., էջ 25):
Գրողի այս հիշեցում-զգաստացում պատգամը, ասված սրանից քառորդ դար առաջ, կարծես հենց հասցեագրված է այսօրվա էրդողաններին ու դավութօղլուներին, որ նրանց հոգում ևս արթնանան մարդկայնության բույրն ու խիղճը:
Անգամ խորհրդային ճնշիչ օրերին հայ գրող Հովհաննես Մելքոնյանն իր ուղնուծուծով համոզված էր, որ ոճրագործ, ցեղասպան Թուրքիայի հանդեպ լինելու է միջազգային դատավարություն, որը դառնալու է Հայոց Նյուրնբերգը, որտեղ հետմահու դատապարտվելու են 1915 թվականի հայոց եղեռնի կազմակերպիչները:
Նա իր հերոսների շուրթերով խորապես համոզմունք է հայտնել, որ լինելու է այդպես. «Ես այս թղթապանակներում հավաքած բոլոր վկայությունները պահում եմ, որ երբ օրը գա, գալո˜ւ է, ու միջազգային դատավարություն լինի հայոց կոտորածների հարցով, դրանք ներկայացնեմ ատյանին` որպես ականատես վկաների ցուցմունքներ» («Հիշողության դաշտ», էջ 129 ):
Այդպես է, թեկուզև ուշացումով, գրեթե մեկ հարյուրամյակ ուշացումով, սակայն հայոց Նյուրնբերգը անպայմանորեն կայանալու է, և այդ պատմական դատավարության ընթացքում Հովհաննես Մելքոնյան հայ քաղաքացին ու գրողը հանդես է գալու որպես մեղադրող:


Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Պատմաբան-հրապարակախոս

Դիտվել է՝ 6021

Մեկնաբանություններ